Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հունվարի 28-ի` Բանակի օրվա առթիվ: «Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգեւորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերեւս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը:  Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձեւավորվեց հայ ժողովրդի համար կարեւորագույն եւ պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձեւավորվելով, դարձել են նաեւ հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է եւ փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու նաեւ շատ թանկ, կյանքի գնով վերանվաճեցին թե´ մեր պատմական հայրենիքի մի մասը, եւ թե´ Հայոց հաղթական բանակի համբավը:

Հայոց բանակի գոյությունը նաեւ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որը նույն այդ անկախության, մեր պետականության կայունության եւ, ինչու չէ, նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության երաշխավորն է»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով հայ զինվորին՝  Երեւանի քաղաքապետը մաղթել է խաղաղ ու անամպ երկինք: «Թող, որ հայ զինվորն այլեւս առիթ չունենա պատերազմական պայմաններում կիրառելու ռազմարվեստի իր փայլուն փորձառությունը: ՀՀ Զինված ուժերի մեր բոլոր ներկայացուցիչներին էլ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով՝ իրենց պատասխանատու եւ պատվաբեր ծառայությունը ի փառս մեր հայրենիքի եւ ի բարօրություն մեր ժողովրդի պատվով կատարելու գործում»,- ասել է Երեւանի քաղաքապետը: