«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերի ներածին չափով կաջակցի Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այդ մասին այսօր` հունվարի 28-ի մամուլի ասուլիսում նշել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Հիշեցնելով նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու կուսակցության որոշման մասին` նա նշել է, որ շտաբ է ստեղծվել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Ըստ Շահգելդյանի` քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքներ են տարվում:
Նախագահական քարոզարշավին «Օրինաց երկրի» հնարավոր ֆինանսական աջակցության մասին հարցը զայրացրել է Մհեր Շահգելդյանին: «Ինչ ֆինանսների մասին է խոսքը: Նման բան չկա», - վստահեցրել է կուսակցության փոխնախագահը: Նախորդ ընտրությունների փորձի կրկնության հնարավվորությունը, երբ կուսակցականների գրեթե կեսն այլ կուսակցությունների օգտին էին քվեարկել, Շահգելդյանը նվազագույնի է հասցրել: «Մենք եզրահանգումներ ենք կատարել, բարեփոխումներ կատարել, կուսակցությունում մնացել են միեւնույն կերպ մտածող մարդիկ, կուսակցության ողնաշարը», - հայտարարել է Շահգելդյանը: Սակայն այդ «ողնաշարի» քանակի վերաբերյալ հարցին նա կտրականապես հրաժարվել է պատասխանել: «Դուք մշտապես այդ հարցն եք տալիս: Ինչու չեք հետաքրքրվում այլ կուսակցությունների թվով», - հակադարձել է Շահգելդյանը:
Թե ում օգտին կքվեարկի Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՀՅԴ-ի ընտրազանգվածը, պարզելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Բավական մշուշոտ պատասխան է հետեւել, որ մի մասը, հնարավոր է, կաջակցի գործող նախագահին, իսկ ընդհանուր առմամբ յուրաքանչյուրը սեփական որոշումը կկայացնի:





























