Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երեւանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի եւ Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես եւ նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի: Նաեւ զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսներին կուղեկցեն Ճանապարհային ոստիկանության մեքենաները ու, բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաեւ մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաեւ քաղաքացիների սնունդը:

Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ եւ մաղթել նրանց բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար, ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով եւ նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունը իսկապես բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը: