Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդի բարոյահոգեբանական ոգին: Այդ մասին այսօր` հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա` դրան հնարավոր է հասնել միայն իշխանությունը ժողովրդին վերադարձնելու դեպքում. «Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստան վերադառնան ոչ միայն սփյուռքի ներկայացուցիչները` Ցեղասպանությունից փրկվածների սերունդները, այլեւ արտագնա աշխատանքի մեկնածները»: Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ երկրում փոփոխությունները պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարվեն:
Ի պատասխան հարցին, թե իր ընտրվելը չի հանգեցնի արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ վատացման` Երեւանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման նախաձեռնության հետ կապված, Հովհաննիսյանն ասել է, որ զգում է ժողովրդի համակրանքն ու աջակցությունը: Ըստ նրա` արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանը պետք է ղեկավարվի իր շահերից ելնելով: «Այսօր, երբ Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Ղարաբաղի հարցին վերջ տալու համար, Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը չի հանգեցնի ռազմական գործողությունների: Եկել է նաեւ անօրինական հայ-թուրքական արձանագրություններին վերջ դնելու ժամանակը», - ամփոփել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am





























