«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում քարոզարշավը քննադատության ենթարկած Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարությունը:
Ըստ Շահգելդյանի`«Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է անհրաժեշտության դեպքում մեկնաբանել պաշտոնական գնահատականները, այլ ոչ թե դեսպանի անձնական կարծիքը:
Ըստ Շահգելդյանի` Հայաստանն ունի ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու հնարավորություն: Նա չի համաձայնել նաեւ ընտրություններում մրցակցության բացակայության վերաբերյալ կարծիքին: «Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը քաղաքական ճանապարհ անցած գործիչներ են, որոնք հայտնի են երկրում եւ արտասահմանում», - նշել է Շահգելդյանը:
Նա նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը դրական է գնահատել` թեկնածուներին պայմանականորեն երեք խմբի բաժանելով: Առաջինում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ խմբում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը: Երրորդ խմբում են «մնացած բոլորը»:
Ինչ վերաբերում է ընտություններից հետո հնարավոր զարգացումներին, ապա ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահի` ամեն ինչ առանց որեւէ միջադեպի կանցնի:





























