Դեդ Հասանի մտերիմները նովոսիբիրսկցի հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանին խնդրել են նրա հուշարձանը կերտել: «Ինձ իմ ծանոթներն են խնդրել»,- ասել է Գրիգորյանը:

«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում Գրիգորյանը տարակուսել է, թե ինչու է մամուլում  մահարձանի ստեղծման շուրջ իրարանցում սկսվել: «Բժիշկը բուժման ժամանակ հիվանդից չի հարցնում, թե ով է, ուղղակի բուժում է: Նույնը եւ ես», - ասել է Գրիգորյանը: Նա նաեւ չի զարմացել, որ իրեն են դիմել: «Ես Հայաստանում եմ ծնվել, ծանոթ եմ եզդիների պատմությանը եւ ինձ համար ավելի հեշտ է եզդիական օրենքներով կերտելը»:

2009թ. քանդակագործն արդեն ստեղծել էր հոբելյանական մեդալ  Դեդ Հասանի պատկերով: «Ասում էին՝ նա հավանել էր: Դրանից հետո անընդհատ ցանկացել է հանդիպել հետս»:

Հիշեցնենք,   քանդակագործը հուշարձանի երկու էսքիզ էր պատրաստել, որոնք ուղարկել էր Ուսոյանի հարազատներին:

Էսքիզներից մեկը նախատեսում է 3,5մ մահարձան, որտեղ պատկեչված են Ասլան Ուսոյանն ամբողջ հասակով, աստղը, որին երկրպագում են եզդիները, Ուսոյանի մահը սգացող հրեշտակ, եւ մահացածի կապը քրեական աշխարհի հետ խորհրդանշող երկու «գողական» աստղեր:

Գրիգորյանն ասել է, որ եթե Ուսոյանի հարազատներն ու  մերձավորները հավանություն տան տարբերակներին, ինքը ձմեռվանից հետո աշխատանքը կսկսի Մոսկվայում, որպեսզի գերեզմանաքարը Նովոսիբիրսկից չբերի:

Արամ Գրիգորյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ է: Նա բազմաթիվ քանդակների, հուշարձանների, կիսանդրիների հեղինակ է: Գրիգորյանն ասում է, որ ինքը «քանդակել է» Շրի Լանկայի, Չեխիայի, ԱՄՆ-ի նախագահներին: