Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ մեկնել է Տպագրիչների փողոց, որտեղ քիչ առաջ կրակել են Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Դեպքի վայրում է եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Հայաստանի ոստիկանապետը անհրաժեշտ հրահանգներ է տվել դեպքի վայրում աշխատող ոստիկաններին եւ հեռացել:
NEWS.am-ի նախնական տեղեկություններով՝ Հայրիկյանը երկու հրազենային վնասվածք է ստացել ուսերի շրջանում: Մեր տեղեկություններով՝ Հայրիկյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այս պահին վիրահատում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ մահափորձ է եղել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, իր տան մոտ:: Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել անրակի շրջանում եւ տեղափոխվել է հիվանդանոց:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:





























