Տեղի է ունեցել Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարեւոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու եւ ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարեւորությունը: Արմենը Աշոտյանը մեկ անգամ եւս շեշտել է դասագրքերի բովանդակային մատչելիության խնդիրը` կոչ անելով հաշվի առնել բոլոր շահառու կողմերի` մասնագետների, մանկավարժների, ծնողների տեսակետները եւ մոտեցումները:

Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթական դպրոցների «Հայրենագիտություն-5», «Բնագիտություն-5-6», «Կենսանաբություն-7-8»,  «Ֆիզիկա-7-9», «Քիմիա-7-9», «Հայոց պատմություն-6-7», «Հայոց պատմություն-8-9», «Համաշխարհային պատմություն-6-7», «Համաշխարհային պատմություն-8-9», «Հասարակագիտություն-8-9», «Աշխարհագրություն-6», «Աշխարհագրություն-7-8» դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի բացման, գնահատման եւ հաստատման աշխատանքներին:

ԿԳ նախարարի 30.11.12թ. թիվ 1094-Ա/Ք «2013-2014 ուսումնական տարվա մրցույթով հաղթած դասագրքերը փորձարկելու մասին» հրամանի համաձայն` 20 անուն դասագիրք փորձարկման նպատակով տրամադրվել է հանրապետության 90 դպրոցի, ինչպես նաեւ դրանց էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ կայքում: 2012-2013 ուսումնական տարում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու նպատակով պետական ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 120մլն.դրամի չափով փոխհատուցում:

Հոգաբարձուների խորհուրդը որոշել է վերահրատարակել 10-րդ եւ 11-րդ  դասարանների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի   դասագրքերը:

2013 թվականին կհայտարարվի մրցույթ հետեւյալ առարկաների դասագրքերի համար` «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» 5-9-րդ դասարանների համար, «Աշխարհագրություն»` 9-րդ, «Կենսաբանություն»` 9-րդ, ՆԶՊ`  8-9-րդ եւ «Տեխնոլոգիա»` 5-7-րդ դասարանների համար: