«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի տարածքում թույլատրել վրացական գինին, փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն, հաղորդում է «Փրայմը»:

Ինչ վերաբերում է գինու մատակարարումներին, ապա «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները մոտ մեկ շաբաթ անց Վրաստան կայցելեն այդ հարցը քննարկելու համար:

 «Մոտ մեկ շաբաթ հետո «Ռոսպոտրեբնադզոր»-ի ռուս մասնագետները Վրաստան կայցելեն», - ասել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին  Մոսկվայում Օնիշչենկոյի հետ բանակցություններն ամփոփելով:

«Առաջին այցի ժամանակ մասնագետների  երեք խումբ կմեկնի` գործընթացը չձգձգելու համար», — իր հերթին հայտնել է Օնիշչենկոն:

Օնիշչենկոն նաեւ հավելել է, որ վրացական գինին արդեն  առաջիկա գարնանը կարող է վերադառնալ ռուսական շուկա:

Նա նաեւ նշել է, որ ներկայումս վրացական ավելի քան 60 ձեռնարկություններ պատրաստ են վերսկսել գինու մատակարարումները Ռուսաստան:

Ռուսաստանում վրացական գինու եւ հանքային ջրերի մատակարարումը դադարեցվել էր 2006թ.` վրաց-ռուսական հարաբերությունների սրմանը զուգընթաց: Պաշտոնական պատճառը որակի նկատմամբ պահանջն էր: Թբիլիսիում, սակայն, խոսում էին պաշտոնական Մոսկվայի կողմից տվյալ որոշման  քաղաքական ենթատեքստի մասին: