Այսօր` փետրվարի 4-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցյալ տարվա համեմատ հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները զգալիորեն բարելավվել են։ Տեսնելով Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում կատարված վերանորոգման աշխատանքները` ԱԻ նախարարը հանձնարարեց ջոկատի հրամանատարին ներկայացնել խրախուսման։
Խրախուսման է արժանացել նաեւ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնակատարը` շենքային պայմանները բարեկարգելու եւ կարգապահության համար։
Շրջայցի ընթացքում Ա. Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղել է նաեւ Արարատի մարզային փրկարարական ջոկատում եւ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Արարատի հակակարկտային կենտրոնի գրասենյակում, որը սպասարկում է մարզում տեղակայված հակակարկտային 48 կայանները։ Մարզի գյուղապետարաններից ստացված գրությունների համաձայն` հակակարկտային կայաններ ազդեցության գոտում գտնվող հողատարածքներն ամբողջությամբ զերծ են մնացել կարկտի վնասներից։
Հաջորդ մարզային ստորաբաժանումը «Հիդրոմետ» ծառայության Արտաշատի օդերեւութաբանական կայանն էր։ Նշենք, բոլոր կայաններն արդեն ապահովված են համակարգիչներով եւ անվճար բջջային հեռախոսակապով` օպերատիվ տեղեկատվություն փոխանակելու համար։




























