«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ըստ լրակազմի` նախատեսված է 840 պահման տեղ, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության պահին եղել է 1184 ազատազրկված: Բոլոր խցերը հիմնականում նույն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել էր, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում մինչեւ 18 հոգի: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Հարկ է նկատել, որ հերթական մշտադիտարկման շրջանակներում, Խոշտանգումների եւ բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները եւ Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբն այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկի պահման վայրերին, առանձնազրույցներ ունեցել դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները:

ՄԻՊ աշխատակիցների փոխանցմամբ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին առաջինը վկայում էին պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը, որը թե հիմնարկի անձնակազմի, թե դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր է: Արձանագրած հաջորդ խնդիրը դատապարտյալների պահման պայմաններն են: Բացառությամբ մի քանի խցերի, մյուս բոլոր խցերը խոնավ են, հակահիգենիկ եւ վերանորոգման կարիք ունեն, սանհանգույցները նույնպես անմխիթար վիճակում են:

Աշխատանքային խումբն արձանագրել է նաեւ, որ առավոտյան նախաճաշից օրինակ 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սննդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է: Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնուքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաեւ կալանավորների համար նախատեսված սնունդը: Իսկ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում պայմանները վերանորոգումից հետո բարելավված են եղել, սանիտարահիգիենիկ վիճակը` բավարար: Սակայն դատապարտյալները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ստանում են հարազատներից:

Աշխատանքային խումբը պարզել է նաեւ, որ բժշկական քարտերում չեն փաստագրվում ազատազրկվածի կողմից հրավիրված բժշկի խորհրդատվությունը եւ հարազատների միջոցով ձեռքբերված դեղորայքը: Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբը պարզել է, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի ընդհանրապես զբոսանք չի լինում:

Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների ամենօրյա կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար քանակի հետ: