Ադրբեջանի կողմից  թուրքական ուղղաթիռների խմբաքանակի ձեռքբերման մասին լուրը կարող է կապված լինել «Մի-8»-ը վաճառելու Ռուսաստանի մերժման հետ: Այդ մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այն լուրը, որ Ադրբեջանը գնել է թուրքական արտադրության ԱՏԱԿ Տ-129 տեսակի 60 ուղղաթիռ: 

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի կողմից  թուրքական ուղղաթիռների գնման մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա հետաքրքիր ենթատեքստ կարող է ունենալ: Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր ռուսական 50 «Մի-8» ուղղաթիռ գնելու մտադրության մասին:  Եւս 60 ԱՏԱԿ Տ-129 ուղղաթիռի գնումն անիրական է թվում: «Եթե Բաքուն իրականում որոշել է թուրքական ուղղաթիռներ գնել, պատճառը կարող է լինել ուղղաթիռներ վաճառելու Ռուսաստանի մերժումը:  կամ էլ Ռուսաստանը մտածում է՝ վաճառե՞լ իր ուղղաթիռներն Ադրբեջանին, թե՞ ոչ, եւ այդ «հաղորդագրությամբ» Ադրբեջանը փորձում է «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա», - նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զգալի վատթարացել են: Պատճառը Գաբալայի ՌԼԿ-ի հարցում ընդհանուր հայտարարի չգալն էր, եւ Ռուսաստանը ստիպված էր հրաժարվել դրա շահագործումից:  Դրան զուգահեռ բացահայտվել էր ռուսական կողմից Ադրբեջանին ЗРС С-300 վաճառելու մասին տեղեկությունը, երբ վերջինս հայտնել էր այն հայկական օդանավերի դեմ կիրառելու իր մտադրության մասին: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման երկարաձգման բանակցությունների ձախողումից հետո պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը չեղյալ էր համարել ЗРС С-300 «Ֆավորիտը» Ադրբեջանին վաճառելու մասին որոշումը:

Ադրբեջանի գործակալությունները, վկայակոչելով Sabah թերթին, հայտնում են, որ Ադրբեջանը թուրքական աերոտիեզերական Türk Havacılık ve Uzay Sanayii (TAI) ընկերությունից պատվիրել է T-129 ATAK տեսակի ուղղաթիռներ, որոնց արտադրությունը կսկսվի այս տարի: Հատուկ Ադրբեջանի համար  արտադրվող 60 ուղղաթիռները կարժենան երեք միլիարդ դոլար: ATAK ուղղաթիռները կարող են մինչեւ 300կմ/ժ արագություն զարգացնել, թռիչքներ իրականացնել եղանակային ցանկացած եւ վատ տեսանելիության պայմաններում: