Այսօր` փետրվարի 6-ին, կկայանա Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվի ՀԱԿ անդամ,Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցության` «Ժողովրդավարական հայրենիքի» ներկայացրած փաստաթուղթը` ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ փաստաթղթի վերաբերյալ հանդիպել են գրեթե բոլոր կուսակցությունների հետ, քննարկել են այն: Չեն հանդիպել միայն երկու կուսակցությունների հետ, քանի որ նրանց կարծիքը հրապարակային իմացել են, դրանք են` ՀՀՇ-ն եւ ՍԴՀԿ-ն: «Մենք փաստաթուղթը ներկայացնելու ենք, օրակարգ կմտնի, թե չի մտնի, դա արդեն քաղխորհրդի որոշում պետք է լինի: Մեծ մասը կողմնակից է մեր տարբերակին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե ինչ ակնկալիքներ ունի եւ ինչ փոփոխություններ կարող են լինել այսօրվա քաղխորհրդի նիստից հետո:

Նշենք, որ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթղթի կետերից մեկով առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: