Իսլամը Չինաստան է ներթափանցել դեռևս 7-րդ դարում` հետևորդներ ձեռք բերելով հիմնականում երկրի ոչ չինացի էթնիկ խմբերի շրջանում: Օտար մշակութային դրսևորումների չինական արժեհամակարգային պրիզմայով անցկացնելու դարավոր «ավանդույթը» մուսուլմանական կրոնի պարագայում Չինստանում գրեթե չգործեց: Այս ժամանակաշրջանից ի վեր իսլամի աստիճանական ներթափանցման արդյունքն եղավ այս երկրում մոտ 25 մլն. մուսուլման բնակչություն ի հայտ գալը, որի մի զգալի հատվածը Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում բնակվող թյուրքալեզու ույղուրներն են:
Սինցզյանը, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «նոր սահման», առաջին անգամ Չինաստանի կազմում հայտնվեց 18-րդ դարի կեսերին: 250 տարվա ընթացքում նրան մի քանի անգամ հաջողվեց անկախություն ձեռք բերել: 1949 թ-ին այս տարածքը «Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզ» (ՍՈւԻՄ) անվամբ վերջնականապես մտավ Չինաստանի կազմի մեջ: Այս ժամանակվանից ի վեր այս երկրի ղեկավարությունը սկսեց շրջանը բուն չինացիներով (խան) բնակեցնելու ակտիվ քաղաքականություն վարել, որի արդյունքում չինացիների թվաքանակը սկսեց գերազանցել տեղացի ույղուրների թվին, ինչն էլ հանդիսանում է ույղուրների անջատողական տրամադրությունների և Սինցզյանում առկա զանազան այլ խնդիրների պատճառներից մեկը:
Ույղուրները առավելապես իսլամի սուննիական (հիմնականում հանաֆիական) ուղղության հետևորդներ են, որոնց թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 7-9 մլն.: Սակայն պետք է նշել, որ Չինաստանում ապրող մուսուլմանների թվաքանակով նրանք առաջինը չեն: Երկրում իսլամ են դավանում նաև մոտ 14 մլն.-ոց դունգանները (հուեյներ), որոնք այդքան էլ աչքի չեն ընկնում անջատողական նկրտումներով, և հիմնականում լոյալ են տրամադրված Չինաստանի կենտրոնական իշխանությունների նկատմամբ (պատճառն այն է, որ դունգանները չինական մշակույթի կրողներ են և խոսում են չինարեն, նրանք չեն բնակվում երկրի սահմանամերձ շրջաններում, մինչդեռ ույղուրները ենթարկվում են սահմանամերձ մուսուլմանական երկրների ազդեցությանը, բացի այդ դունգանների մոտ չինական էթնոսի հետ տարրալուծման խմդիրը այնքան սուր դրված չի, ինչքան ույղուրների մոտ):
20-րդ դարի վերջին քառորդի իսլամական բումը, 90-ականներին Կենտրոնական Ասիայում անկախ պետությունների ի հայտ գալը, ազդակ հանդիսացավ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում բնակվող ույղուրների համար առավել ակտիվ ներգրավվել անկախության հասնելու և սեփական պետությունն ունենալու ծրագրերի իրականացմանը: Երկար ժամանակ այս նկրտումները զուրկ էին կրոնական ուղվածությունից, իսկ ույղուրները մեծ հաշվով հանդուրժողական դիրքերից էին հանդես գալիս:
Սրան զուգահեռ իսլամի դերը ույղուրների շրջանում աստիճանաբար սկսեց աճել, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին այնպես էլ արտաքին գործոններով: Իսլամական արժեքների ամրապնդումը ույղուրական հասարակությունում միջոց հանդիսացավ մուսուլմանական հավատքի դիրքերը թուլացնելու դեմ պայքարելու, ինչպես նաև չինական մշակութային առաջխաղացումը կանխելու դեմ:
Այս համատեքստում իսլամական տրամադրությունների ավելացման հետ զուգընթաց ույղուրների շրջանում բավական ակտիվ գործընթացներ ծավալվեցին արմատական իսլամի գաղափարների տարածման ուղղությամբ, որոնք զուգորդվեցին ույղուրական ինքնավարության և անկախ պետականության հաստատման նկրտումներով: Մուսուլմանական արմատական գաղափարների տարածման գործում ակտիվություն ցուցաբերեցին ույղուրական իսլամական արմատական կառույցները, որոնց մեջ աչքի ընկավ «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժում»-ը ((ԱԹԻՇ) ստեղծվել է 1993 թ-ին), որը որդեգրեց կենտրոնական իշխանությունների դեմ ուղղված ահաբեկչական մարտավարության գործելակերպը` ստանձնելով հնչեղություն ստացած մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը (2008 թ-ին Շանհայում իրականացված պայթյունները, նույն թվականի պեկինյան օլիմպիական խաղերի ժամանակ ԱԹԻՇ-ի կողմից ԶԼՄ-ում ժամանակ առ ժամանակ հայտնվող քիմիական զենքի կիրառման սպառնալիքները և այլն): ԱԹԻՇ-ի հիմքի վրա այստեղ գործում է նաև «Ալ-Կաիդան Չիմաստանում» ծայրահեղական կազմակերպությունը, որը նպատակ է դրել Սինցզյանում ստեղծել շարիաթի օրենքներով առաջնորդվող իսլամական պետություն:
1990-ականներից սկսած մերձավորարևելյան տարածաշրջանում տեղ գտած զարգացումների համատեքստում (ԱՄՆ ներխուժումն Իրաք և Աֆղանստան) ույղուրների շրջանում սկսեցին հնչել Արևմուտքի կողմից մուսուլմանական երկրների նկատմամբ իրականացվող քաղաքականության հանդեպ անհամաձայնության կոչեր, որոնք տեղ էին գտնում ույղուրական իսլամական արմատական կազմակերպությունների հռետորաբանության մեջ` փորձելով ստանալ դրսի իսլամական արմատական կառույցների, այդ թվում Ալ-Կաիդայի օժանդակությունը (այդ օժանդակությունն արտահայտվում էր այլ երկրներում գտնվող ռազմական ճամբարներում ույղուրների մարտական պատրաստություն անցնելու, արմատականների կողմից ֆինանսավորման, զինամթերքի տրամադրման, գաղափարական աջակցության տեսքով և այլն): Աֆղանստանում տալիբների իշխանության տարիներին (1996-2001 թթ) բազմաթիվ ԱԹԻՇ-ի անդամներ ռազմական պատրաստություն էին անցնում Աֆղանստանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմական ճամբարներում, որոնք սկզբնական շրջանում համալրում էին «Ուզբեկստանի իսլամական շարժում» (ՈւԻՇ) կազմակերպության շարքերը` պայքարելով նրա կազմում «ջիհադի» տարբեր ռազմաճակատներում (9/11-ի ԱՄՆ դեմ իրականացված գործողություններից հետո, ահաբեկչական գործողություններ իրականացման մեջ մեղադրվող մոտ 1000 ույղուրներից 22-ը բանտարկվեցին Գուանտանամոյում):
Համընդհանուր ջիհադական շարժման կողմից ույղուրական ծայրահեղ իսլամական խմբավորումներին տրվող աջակցությունն ունեցավ նաև հակառակ ազդեցությունը. 2001 թ-ի 9/11-ի ահաբեկչական գործողություններից հետո Չինաստանի իշխանություններն աշխարհով մեկ ծավալված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ֆոնի ներքո սկսեցին իրականացնել ույղուրական բնակչության դեմ ուղղված ճնշումների քաղաքականություն` արդարացնելով վերջինիս նկատմամբ կեղեքումներն ու բռնի ուժի կիրառումը:
Աստիճանաբար ասիական տարածաշրջանում (հատկապես 2001 թ-ի 9/11-ի ահաբեկչական գործողություններից և տարածաշրջան ԱՄՆ և նրա դաշնակից ուժերի ներխուժումից հետո) ակտիվացող ծայրահեղ իսլամականներն իրենց գործողություններով լարվածություն են ստեղծում ոչ միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այլև հենց Չինաստանում (հիշենք 2007-2008 թթ ընթացքում Չինաստանի տարբեր հատվածներում ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունները և այլն): Իսլամական կազմակերպությունների հետ մեկտեղ չինական կենտրոնական իշխանությունների դեմ ՍՈՒԻՄ-ում Սինցզյանի անկախության համար պայքարում աչքի է ընկնում «Ույղուրների համաշխարհային կոնգրես»-ը (ստեղծվել է 2004 թ-ին), որի առաջնորդը բազմազավակ կին Ռաբիա Կադերն է, ով ապաստան գտնելով ԱՄՆ-ում այնտեղից կազմակերպում է ույղուրների հակաչինական ըմբոստությունները (2009 թ-ին ՍՈՒԻՄ-ի Ուրումչի վարչական կենտրոնում սկսված զանգվածային ցույցերի կազմակերպման մեջ չինական իշխանությունները մեղադրեցին հենց «Ույղուրների համաշխարհային կոնգրես»-ին: Այս զանգվածային ըմբոստությունների արդյունքում եղան բազմաթիվ զոհեր, վիրավորներ և ձեռբակալվածներ):
Չինաստանի ներսում ույղուրների ակտիվ պայքարը ույղուր իսլամականները փորձում են դիտարկել Իրաքում, Աֆղանստանում, Պաղեստինում, իսլամական Մաղրիբում, Սիրիայում և այլ վայրերում իրականացվող պայքարի համատեքստում: «Արաբական գարնան» արդյունքում ավելացող իսլամական արմատական տրամադրությունները իրենց ազդեցությունն են ունենում նաև մուսուլման ույղուրների շրջանում, որոնք ակտիվ ներգրավվում են մուսուլմանական աշխարհում տեղ գտած գործընթացներին (2012 թ-ի ընթացքում ԶԼՄ-ով լուրեր տարածվեցին, որ ույղուրները պայքարում են նաև սիրիական ճակատում, Բաշար Ալ-Ասադի դեմ):
Ույղուրական խնդիրը այսօր մնում է տարածաշրջանային անվտանգության, Չինաստանի և կենտրոնասիական երկրների միջև համագործակցության դինամիկ զարգացման պահպանման առանցքային խնդիրներից մեկը: Այն այժմեական և շուտափույտ լուծում պահանջող խնդիր է Չինաստանի համար, քանզի ույղուրական անջատողականությունը` լինի դա կրոնական, թե ազգայնական շղարշով պատված, սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանը: Բացի դա կենտրոնասիական տարածաշրջանում որոշ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներում առկա արդի միտումները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նպաստում է նրան, որ ույղուրական արմատական կրոնական գիտակցության մեջ առկա խմորումները որոշ չափով ուղղորդվում են Սինցզյանի սահմաններից դուրս գտնվող իսլամական արմատական կենտրոններից, որոնց կողմից Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար մարզում իրավիճակի սրումը, որը սկզբնական փուլում անկախանալու և Արևելյան Թուրքիստանի ստեղծման նպատակ է հետապնդում, երկարաժամկետ հեռանկարում այլ խնդիրների լուծմանն է ուղղված. ստեղծել շարիաթի նորմերի վրա հիմնված իսլամական պետություն, որը կընդգրկի Աֆղանստանի և Պակիստանի որոշ շրջաններ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները, որտեղ վերջին շրջանում վերելք է ապրում իսլամական արմատականությունը:
Պետք է փաստել, որ ույղուրական իսլամական արմատական տրամադրությունների դեմ Չինաստանի իշխանությունների որդեգրած գործելաոճը տալիս է իր արդյունքները. չինացիների կողմից բավական բիրտ միջոցներով ճնշվում են ույղուրների բոլոր տեսակի սեպարատիստական շարժումները: Սակայն անկասկած այն աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք ուզում են թուլացնել Չինաստանի դիրքերը, փորձում են իրենց ձեռքերում պահել ույղուրական խաղաքարտը, հետագայում ամեն պատեհ առիթով այն Չինաստանի դեմ օգտագործելու համար:
Սարգիս Գրիգորյան




























