Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` փետրվարի 5-ին, ընդունել է  ՊՆ N զորամասի զինծառայող Յուրի Գարեգինյանի կրակոցից մահացու հրազենային կրակոց ստացած Արտակ Գալստյանի ծնողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի մայրը` Աննա Գալստյանը:

«Մեզ ասացին, որ հետաքննությունը շարունակվում է: Ես հավատում եմ, բայց սպասում եմ լիարժեք պատասխանի, որովհետեւ այս պահին դա ինձ չի բավարարում: Ոչ մի մայր չի մխիթարվի հենց այնպես պատահական կրակոց պատասխանը ստանալով: Բայց նախարարի պատասխանից շատ շնորհակալ եմ, ինքը մեզ շատ ջերմորեն ընդունեց»,- ասաց Արտակի մայրը: Նա ասաց, որ Արտակի հետ ծառայության մեկնած մյուս եղբայրը` Արմենը, դեռ չի մեկնել ծառայության, քանի որ նրա արձակուրդը դեռ չի ավարտվել: «Նախարարը նաեւ Արմենի տեղափոխման հարցը լուծեց, որ մեզ ավելի մոտիկ լինի»:

Աննա Գալստյանը նաեւ փոխանցեց, որ Արտակի հետ ծառայության մեկնած մյուս եղբայրը` Արմենը պատմել է, որ Արտակն ու կրակող զինծառայողը եղել են շատ լավ հարաբերությունների մեջ: «Իմ տղան ասում է, որ ամեն ինչ նորմալ է եղել մինչեւ իրենց դիրքեր բարձրանալը»,- ավելացրեց Աննա Գալստյանը:

Հարցին, թե իրենք պահանջելու են, որ կրակող զինծառայողը միտումնավոր սպանության հոդվածով դատապարտվի՞, թե՞ հոդվածը մեղմացվի, նա արձագանքեց. «Ես սպասում եմ հետաքննության ավարտին, բայց որպես մայր հասկանում եմ կրակող զինծառայողների հարազատներին եւ չէի ցանկանա, որ իրենց երեխան էլ խորտակվի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՊՆ N զորամասում ծառայակցի` կրտսեր սերժանտ Յուրի Գարեգինյանի կրակոցից սպանված Արտակ Գալստյանը շատ ջերմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանը: Նա փոխանցել էր, որ ինքը սպանության պատճառների մասին տեղեկություններ չունի: «Դեռ ընդամենը վարկածներ են շրջանառվում: Նրանց զորամասի հրամանատարը, որ եկավ մեր գյուղ, ասաց, թե այդ օրը դիրքերում անհանգիստ իրադրություն է եղել եւ մթության մեջ Յուրի Գարեգինյանը կրակելուց իմացել է, թե թուրքի է կրակում: Այնինչ` գնդակը դիպել է հենց Արտակի կրծքին»,- ասել էր գյուղապետը: Ի դեպ, գյուղապետը տեղեկացրել էր, որ Արտակը ծառայության է մեկնել իր զույգ եղբոր հետ: Վերջին անգամ նրանք արձակուրդ են եկել 1.5 տարի առաջ իրենց պապիկի հուղարկավորությանը: Գյուղապետի պատմելով, նրանք սոցիալապես միջին պայմաններում ապրող ընտանիք են, երեք եղբայր են:

«Մինչեւ ծառայության մեկնելը հորն էին օգնում, բանվորություն էին անում: Վերին աստիճանի համեստ երեխաներ են: Հրամանատարն էլ, որ եկել էր, ասում էր, որ շատ խելացի, արտակարգ տղաներ են»,- ընդգծել էր գյուղապետը: Հայտնել էինք նաեւ, որ հունվարի 26-ին, ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորի Գալստյանին: Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով` երբ դիրքերում լարված իրավիճակ է սկսվել, տղաները բացականչել են, թե թուրք է, թուրք է: Այդ ժամանակ Յուրի Գարեգինյանը նկատելով Արտակ Գալստյանին գաղտնաբառն է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է: Արտակ Գալստյանի սպանության փաստով քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Սակայն ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից չէր բացառել, որ քրեական գործը կփոխվի: «Դեռ տարբեր վարկածներով քննություն է կատարվում պարզելու համար, թե  նրա արարքի մեջ հանցակազմ կա, թե` ոչ»,- փոխանցել էր Մերի Սարգսյանը: