Ադրբեջանը երբեք մտադրություն չի ունեցել խփել Ղարաբաղ թռչող ինքնաթիռները, հայտարարել է  երկրի փոխարտգործնախարարը` նախկին սպառնալից հայտարարություններից  ետ կանգնելու ջանքերի շրջանակում:

 «The Bug Pit» բլոգի հեղինակ Ջոշոիա Կուչերը  «EurasiaNet.org» կայքում հիշեցնում է, որ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը  պատրաստ չէ խփել քաղաքացիական օդանավերը «այն դեպքում, երբ հայերն ու նրանց կողմնակիցներն անընդհատ լաց են լինում»: «Ըստ Չիկագոյի կոնվենցիայի` գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնք ընդունվում են ադրբեջանական կողմից: Դրանք ապահովում են ապօրինի թռիչքների կանխումն ու կոնկրետ օդանավակայաններում վայրէջք կատարելը: Ուստի ճիշտ չէ, երբ փորձում են շահարկել` ասելով, թե «Ադրբեջանը կհարվածի քաղաքացիական չվերթներին»,-հայտարարել է Ազիմովը:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձինք` սկսած զինվորականներից մինչեւ քաղավիացիայի պաշտոնյաներ եւ կաբինետի անդամներ, սպառնում էին հարվածել օդանավերին: Թեեւ հնարավոր է, մատնացույց չէին անում, որ կխփեն քաղաքացիական չվերթներ իրականացնող օդանավերը` հաշվի առնելով, որ ղարաբաղյան օդնավակայանի հիմնական նպատակը նրա քաղաքացիական օգտագործումն է. ուղերձը, որն Ադրբեջանը փորձում էր հղել, պարզ էր:

Կուչերի կարծիքով` երեւում է, Ադրբեջանը կամ փոխել է իր կարծիքը  քաղաքացիական օդանավերին հարվածելու օգուտի մասին իր կարծիքը կամ, ինչն ավելի հավանական է, երբեք էլ նման մտադրություն չի ունեցել:

«Սակայն ողջ էպիզոդը բացասական է Ադրբեջանի համար, քանի որ  այն ուշադրությունը շեղում է  փաստից, որ միջազգային կազմակերպությունների մեծ մասը, այդ թվում` ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ-ը, հանդես են եկել օդանավակայանի բացման դեմ: Հիմա, եթե օդանավակայնը շահագործվի, արդեն կխոսեն Ադրբեջանի` օդանավերին հարվածելու սպառնալիքի, ոչ թե հայերի ապակառուցողական գործողությունների մասին: Սա նման է ադրբեջանական դիվանագիտության կողմից  սեփական դարպասը գոլ խփելուն»,-գրում է հոդվածի հեղինակը: