Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ վերջերս իրականացված մահափորձը հանրության ուշադրությունը հրավիրեց երկրում հանցավորության վիճակի վրա: Այդ կապակցությամբ ներկայացնենք որոշակի տեղեկատվություն:

Պաշտոնական տվյալներով, 2012թ-ին հանրապետությունում դատապարտյալների թիվը կազմել է 3727 մարդ, որից  211 –ը` կանայք են, 87 –ը` անչափահասներ, այդ թվում` երկու աղջիկ:

Հետաքրքիր է ուշադրություն դարձնել  դատապարտյալների տարիքային խմբին: Պարզվում է նրանց գրեթե կեսը` 47%-ը 18-29  տարեկան է: Այսինքն, անձինք,  որոնք կարող էին ուսանողներ, հեռանկարային աշխատողներ լինել:  Վերոնշյալ կոնտինգենտի կեսից ավելին` 53%-ը որեւէ զբաղվածություն չի ունեցել` չեն աշխատել, չեն սովորել:

Այստեղ ակնհայտ է դառնում իրավախախտումների կամ հանցագործությունների  սոցիալ- տնտեսական հիմքը: Պաշտոնական տվյալներով, անցած տարի հանրապետությունում գործազուրկների թիվը կազմել է  228.1 հազ. մարդ, որից 104.4 հազարը` տղամարդ: Ինչ վերաբերում է ուսմանը, ապա չնայած մեզանում բուհերի առատությանը, շատերի համար կրթությունն անհասանելի է բարձր ուսման վարձերի պատճառով:

Ահա եւ ստեղծվում է  պարարտ հող` հանցագործությունների համար: Դատապարտյալների թվում կան նաեւ անազնիվ գործարարներ, ապօրինի ճանապարհով հարստանալ ցանկացող պաշտոնյաներ:

Այսպես, անցած տարի արձանագրված 15,8  հազար հանցագործությունների կամ իրավախախտումների 3,5%-ը կոռուպցիոն բնույթ ունի:

Ընդհանուր հանցագործությունների թվի  36,8%-ը բաժին է ընկնում սեփականության նկատմամբ իրականացված ոտնձգություններին. մասնավորապես, արձանագրվել է գողության, կողոպուտի  5,1 հազ. դեպք (32,6%):

Ընդհանուր առմամբ` սեփականության նկատմամբ հանցագործությունների թիվը նախորդ տարվա համամետ աճել է 0,5%-ով: Սա անուղղակի կերպով վկայում է  այն մասին, որ տնտեսության ոլորտում անցած տարի արձանագրված աճը  քիչ է արտացոլվել որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց հանցավոր մտադրություններում:

Նշենք, որ անցած տարի արձանագրվել է 50 սպանություն, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է  10 դեպքով: Սակայն, համաձայնեք, դա քիչ մխիթարական է զոհվածների հարազատների համար:

 

Ալբերտ Խաչատրյան