Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը դեռ չի կազմվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա հարազատները: Իսկ եթե ֆոտոռոբոտը կազմվել է, ապա իրենք տեղյակ չեն, թեեւ այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ ֆոտոռոբոտը պետք է կազմվեր Պարույր Հայրիկյանի անմիջական մասնակցությամբ:
Հարազատները նաեւ տեղեկացրին, որ իրավապահ մարմինները առգրավվել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներից մինչեւ Տպագրիչների փողոց տանող ճանապարհին տեղադրված տեսախցիկնեիը տեսագրությունները, ուսումնասիրություններ են կատարվում: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում` ելնելով նախաքննության շահերից:
Պարույր Հայրիկյանը այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր տուն չի գնացել: Հիվանդանոցից տնօրեն Արա Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագահի թեկնածուն դուրս կգրվի 3-5 օրից: Տնօրենի խոսքով` նրա վիճակը լավ է, թեեւ աջ ձեռքը ցավում է, իսկ վերքը վերջնականապես չի լավացել: Արա Մինասյանը նշեց, որ արյունազեղում է առաջացել, նյարդը սեղմվել է, բայց ձեռքը կամաց-կամաց լավանում է, իսկ վերքի կարերը կքանդեն փետրվարի 6-7-ին:
Ի դեպ, հիվանդանոցի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանի անվտանգությունն ապահովող եւ վթարի ենթրակված ոստիկանը` 43-ամյա Կոստյա Բուդաղյանը, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Կրծքային վիրաբուժության բաժանմունք, որտեղ ի դեպ, օրերս տեղափոխվել էր նաեւ հայրիկյանը: Ոստիկանի առողջական վիճակը եւս լավ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























