Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում ոչ հերքում, ոչ էլ` հաստատում են շփման գծում միջադեպի մասին տեղեկությունները:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` փետրվարի 5-ի գիշերն ադրբեջանական դիվերսոն խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք, սակայն դիմադրության է հանդիպել եւ կորուստներ կրելով նահանջել է: Որոշ տվյալների համաձայն` ադրբեջանական կողմը տվել է 4 սպանված, կան վիրավորներ: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում, կատարում Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությունն ապահովելու խդնիրը»: Նա կրկին ընդգծել է, որ ղարաբաղյան կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակառակորդի սադրանքներին պատասխանում է միայն ծայրահեղ դեպքերում:
Միջադեպի մասին տեղեկություններ հաղորդում է ադրբեջանական կողմն, իհարկե, սեփական մեկնաբանությամբ: Ըստ ադրբեջանական մամուլի` միջադեպը տեղի է ունեցել Կուրապատկինո գյուղի մոտ: Սպանվել է ադրբեջանական բանակի զինվոր 18-ամյա Սյանան Ալիզադեն: Լրատվամիջոցները հաղորդում են եւս մեկ զոհի մասին` լեյտենանտ Թուրալ Ասքերով: Չի հաղորդվում, թե որ վայրում է զոհվել սպան:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանական կողմը դիվերսիայի մի քանի փորձեր էր իրականացրել, որոնք նրանց համար ողբերգական ավարտ էին ունեցել:





























