Եթե օրենքը թույլ տար, ապա նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը մեծ սիրով կդիմեր Սահմանադրական դատարան` նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ ԿԸՀ նախագահն էլ է ասել, որ իրենք օրենքով այդ լիազորությունը չունեն:

Հարցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո, երբ նրա վարկանիշը բարձրացավ, արդյոք դա ազդե՞լ է իր վարկանիշի վրա, Սեդրակյանը պատասխանեց. «Ես իմ 8-րդ տեղում այնքան ամուր եմ, որ իմ վարկանիշը, որեւէ կերպ չի կարող տուժել: Իրար վրա կկրակեն, իրար կուտեն, խորոված կանեն, կմորթեն, իմ տեղն ինձանից ոչ ոք չի վերցնի:

Ավելին` Արամ Հարությունյանն, ով առաջին օրից ասել է, թե չի մասնակցելու ընտրություններին, հարցումներով պարզվում է, որ նա ավելի շատ ձայներ ունի, քան ես»:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ հարցումներով, ինքը զրո տոկոս ունի, Վարդան Սեդրակյանն ասաց. «Պարզվում է հայ ժողովուրդը  չի ցանկանում, որ իրեն հողի հարկից ազատեն, չի ցանկանում, որ վերակենդանանա եւ ոտքի կանգնի քիմիական արդյունաբերությունը: Ստացվում է հայ բանվորը չի ցանկանում, որ գործարաններ ստեղծվեն»:

Հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններից հետո զբաղվի ակտիվ քաղաքականությամբ, նախագահի թեկնածուն արձագանքեց. «Ընտրություններից հետո երդման արարողություն է լինելու», նկատի ունենալով, որ հենց ինքն է դառնալու նախագահ, այն էլ` մեկ փուլով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am