ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի հետեւանքը լինելու է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կասկածի տակ դնելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա կարծում է, որ հանրապետության նախագահը գոնե պարտավոր է հրապարակավ ասել, որ չի կիսում Հայրիկյանի կարծիքը եւ պետք չէ շտապ եզրակացություն անել՝ կապված մահափորձի հետքի հետ:
«Միգուցե Հայրիկյանի բերանով մեր իշխանություններն են խոսում»,- ասաց Արամ Հարությունյանը՝ կարեւորելով, որ որեւէ պաշտոնյա նման կարծիք չի հայտնել:
Նա նշեց որ տարվում է հակառուսական քարոզչություն այն մարդկանց կողմից, որոնց մեծ մասը նույնիսկ մեկ օրով Հայաստանում չի լինում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























