Տավուշի մարզպետարանի աշխատակիցը, ում մեղքով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի ստացել իր պատգամավորական հարցման պատասխանը, ենթարկվել է կարգապահական տույժի: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Խնդիրը, ըստ Ն. Փաշինյանի, հետեւյալն է. Տավուշի բնակիչ Ցոլակ Հախվերդյանի 176 գլուխ խոզերը անկել են 2007 թ. աֆրիկյան ժանտախտի ժամանակ: Կառավարությունը, համաձայն իր իսկ որոշման, պետք է փոխհատուցում տրամադրեր քաղաքացուն, սակայն հաշվարկները սխալ են կատարվել: Գյուղացին հրաժարվել է գումարից՝ այն ժամանակվա սննդի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանի խորհրդով, որպեսզի հետագայում ամբողջը ստանա: Սակայն գումարներ այդպես էլ չեն տրվել, իսկ քաղաքացին մահացել է: Պատգամավոր Ն. Փաշինյանը հարցում է ուղարկել մարզպետարան, սակայն այնտեղից հարկ չեն համարել պատասխանել:

Ըստ արդարադատության նախարարի՝ մեծ թղթաբանություն է տարվել, սակայն քաղաքացու ժառանգներն այդ գումարը ստանալու իրավունքից չեն զրկվել: