Թունիսի կառավարությունը հրաժարական է տալիս։ Նոր կազմ կձեւավորվի` առանց քաղաքական պատկանելությունը հաշվի առնելու: Այդ մասին փետրվարի 6-ի երեկոյան հայտնել է  վարչապետ Համադի Ջեբալին: Հիշեցնենք, որ երկրում իրադրությունը սրվել էր ընդդիմության առաջնորդ Չոկրի Բելայիդի սպանությունից հետո:

«Ես վճռել եմ ազգային կառավարություն ձեւավորել, որում չեն ընդգրկվի կուսակցության անդամները», - Ջեբալիին է մեջբերում Euronews-ը: Ըստ նրա` նոր կառավարությունը մինչեւ ընտրությունները երկրի կառավարման սահմանափակ հնարավորություններ կունենա:

Թունիսում փետրվարի 6-ին Չոկրի Բելայիդի սպանությունից հետո բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Մայրաքաղաքում ՆԳՆ-ի շենքի առաջ դրանք վերաճել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետեւանքով սպանվել էր մեկ ոստիկան: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել  նաեւ երկրի այլ քաղաքներում: 

Թունիսի ընդդիմությունը կոչ է արել փետրվարի 7-ին համընդհանուր գործադուլ հայտարարել եւ դադարեցրել է  աշխատանքը խորհրդարանում: Չոկրի Բելայիդն իշխող իսլամիստական կուսակցության հետեւողական քննադատն էր: Ընդդիմադիրը չորս կրակոցով մահացու վիրավորվել էր փետրվարի 6-ի առավոտյան` սեփական տան շեմին: