ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է մի շարք արտաքին եւ ներքին քաղաքական հարցերի։ Անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների նյութ դարձած Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին եւ դրա վերաբերյալ հնչած վարկածներին, Տեր-Պետրոսյանը, մասնավորապես նշել է.
«- Նախեւառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է: Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որեւէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում: Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պատրականությունն է: Հետեւաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը: Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե´ ընտրությունների օրինականության, եւ թե´ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչեւ այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը:
- Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է: Հուսով եմ` նույնքան սպառիչ պատասխան կտաք նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին:
- Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր եւ անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետեւ փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջեւ կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի եւ անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու եւ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության: Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ո´չ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել եւ ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, եւ վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա: Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են:
- Իսկ ինչպիսի՞ք են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը:
- Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր լիակատար լիբերալ տնտեսական համակարգի եւ ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, եւ դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է` ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է ավազակապետության կազմաքանդում եւ սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ:
- Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ կուսակցության ձեւավորման գործընթացին եւ որեւէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ: Ավելի կոնկրետ` շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչեւ այժմ առաջնորդել եք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը:
-Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունր կայացնելու եւ մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգեւորելու է շատերին, եւ նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլեւ Կոնգրեսի բազմահազար կուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:





























