«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր` փետրվարի 7-ին մրցույթ է հայտարարվել: Մեր ունեցած այս տեղեկություները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
Դիմումները ընդունվում են այսօրվանից մինչեւ փետրվարի 27-ը: Մրցույթը կկայանա մարտի 15-ին ժամը 15.00-ին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»:




























