Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը կապահովի, որ ուսումնական հաստատություններում որեւէ քաղաքական գործունեություն չիրականացվի եւ անխափան իրականացվի ուսումնական գործընթացը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե արդյոք խիստ վերահսկողություն կա դպրոցների նկատմամբ՝ նախընտրական քարոզարշավի մեջ ներգրավվելու հարցում:
Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ «Ազատություն» ռադիոկայանի նյութերի հիման վրա խիստ նկատողություն է հայտարարվել Ագարակի եւ Մասիսի ենթաշրջանի մի քանի դպրոցների տնօրեններին, որոնց աշակերտները դասաժամին մասնակցել են թեկնածուներից մեկի նախընտրական հանդիպմանը;
Միեւնույն ժամանակ Ա. Աշոտյանն ասաց, որ օրենքով արգելված չէ դասերից դուրս երեխաների ու ուսուցիչների մասնակցությունը քարոզարշավին, ինչն առկա է տարբեր թեկնածուների մոտ: Բացի այդ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում զետեղված է այն դպրոցների ցանկը, որտեղ թույլատրվում է նախընտրական հանդիպում անցկացնել:





























