Այսօր` փետրվարի 7-ին, տեւական հիվանդությունից հետո մահացել է անվանի գրող, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նրա բուժման համար մի քանի ամիս առաջ հանգանակություն էր կազմակերպվել, նա բուժման կուրս էր անցել արտասահմանում:
Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 7-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի քաղաք):
Ավարտել է ԵՊՀ մաթեմատիկական լեզվաբանության բաժինը: Երկար տարիներ աշխատել է գրական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ: Ներկայումս ՀԳՄ «Սերունդ» էլեկտրոնային գրական ամսաթերթի եւ «Միհր» հանդեսի գլխավոր խմբագիրն էր: 2005 թ. ընտրվել էր ՀԳՄ վարչության քարտուղար:
Հովհ. Գրիգորյանը ճանաչված էր ոչ միայն բանաստեղծությամբ, այլեւ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներով, զբաղվում է նաեւ թարգմանությամբ: Բնագրերից թարգմանել եւ առանձին գրքերով հրատարակել է անգլիացի, իսպանացի, ռուս մի շարք գրողների ստեղծագործություններ: Հովհ. Գրիգորյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն եւ այլն:




























