Փետրվարի 8-ին, ժամը 11:30-ին, Երեւանի Սիամանթոյի անվան N 162 դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 4), Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/` «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի հետ համատեղ եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է բաց դաս:
Բաց դասին ՀԿԽԸ երիտասարդ կամավորները` ծրագրի ուսուցանողները, որոնք առողջ ապրելակերպի վերաբերյալ 2-շաբաթյա դասընթաց են անցկացրել 7-րդ դասարանցիների համար, կամփոփեն դրա արդյունքում երեխաների ձեռք բերած գիտելիքները:
Ծրագիրը ոչ ստանդարտ դասընթացների միջոցով զարգացնում եւ մեծացնում է դեռահասների մոտ առողջ ապրելակերպի կարեւորության գաղափարի ընկալումը` սերմանելով ճիշտ սննդակարգով սնվելու եւ սպորտով զբաղվելու մշակույթ:
Ծրագրի շրջանակներում 2011-2012թ.թ. ուսումնական տարում` Երեւանի եւ ՀՀ մարզերի 34 դպրոցներից 10-14 տարեկան շուրջ 1600 երեխա տեղեկացվել, խրախուսվել եւ իրենց առողջության եւ ապրելակերպի վերաբերյալ ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն է ստացել:
Ծրագրի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՀՀ կրթության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը, խթան հանդիսացան ծրագրի նոր փուլի մեկնարկի համար, որը տրվեց 2012թ. նոյեմբերի 20-ին` Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով:




























