Ավարտվում է  Ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային առաքելության՝ Հայաստանում գտնվելու առաջին շաբաթը:

ICES-ի երկարաժամկետ դիտորդների  խումբը ԿԸՀ-ի ղեկավարության հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել եւ սկսել է նախագահի թեկնածուների հետ հանդիպումների փուլը, որը կշարունակվի հաջորդ շաբաթ:

ICES-ի դիտորդական խմբի լրագրողներն ուսումնասիրել են նախորդ շաբաթ հայկական լրատվամիջոցների հրապարակումները եւ նշել, որ գերակշռում են այն հրապարակումները, որոնցում հիշատակվում են ընդդիմադիր գործիչների ազգանունները: Մամուլի հատուկ ուշադրության կենտրոնում եղել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Այս կապակցությամբ առաքելությունը բավարարվածությամբ է մատնանշում մամուլում այդ միջադեպի համակողմանի լուսաբանումը եւ Հայրիկյանի պետական պատասխանատվության զգացումը, ով  չօգտվեց Սահմանադրության համապատասխան դրույթից եւ ընտրությունները հետաձգոլու պահանջ չներկայացրեց:

Մեծ թվով հրապարակումներ վերաբերում էին հացադուլ հայտարարած  նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակին, մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարություններին առ այն, որ մեկօրյա հացադուլից հետո հանելու է թեկնածությունը, ինչպես նաեւ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի բողոքներին, որը հայտարարել էր, թե իր մորն ընտրակաշառք են առաջարկել: 

Ընդհանուր առմամբ, ICES-ի առաքելությունը արձանագրել է.

- Լրատվամիջոցների մեծ մասում թափանցիկություն, բազմազանություն եւ անկողմնակալություն,

- Լրատվամիջոցները հիմնականում արտացոլում են ընտրողների տրամադրությունները եւ հանրության համար արդիական հիմնախնդիրների քննարկումներ են իրականացնում,

- Հայաստանյան լրատվամիջոցները խտրականություն եւ նախագահի թեկնածուների հանդեպ բացահայտ համակրանք չեն դրսեւորում եւ շարունակում են տեսադաշտում պահել ընտրապայքարի բոլոր մասնակիցներին: