Փետրվարի 6–ին Երեւանում հաջողությամբ մեկնարկել է «Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան: Լուսային վահանակների միջոցով իրականացվող քարոզչության նպատակն է ՀՀ քաղաքացիներին մատչելի եւ հետաքրքիր մեթոդով տեղեկացնել իրենց ընտրական իրավունքների եւ պարտականությունների մասին:

«Շատ երկար էինք մտածում տեղեկատվությունը տարածելու նորարար եւ արդյունավետ միջոց գտնելու ուղղությամբ եւ արդյունքում ընտեցինք այս լուսային վահանակները։ Այսկերպ մենք կոտրեցինք տարածված կարծրատիպը, որ ընտական քարոզչությունը պետք է լինի թղթի կամ ժապավենի վրա»,– ասում է ծրագրի ղեկավար Գայանե Ասրյանը։

«Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան հունվարի 17-ից փետրվարի 1-ն իրականացվել է Հայաստանի երեք մարզկենտրոններում՝ Գյումրի, Վանաձոր եւ Իջեւան, իսկ փետրվարի 6-ից՝ մայրաքաղաք Երեւանում:

«Այն տեղեկատվությունը, որ փորձում ենք մատուցել, բնավ, նորություն չէ, ուղղակի մենք այն նորովի եւ մատչելի ենք փորձել մատուցել ընտրողներին: Օրինակ` մարզերում սպասվածից ավելի լավ ընդունվեց մեր ակցիան, մարդիկ հետաքրքված էին, անգամ իրենց մոտ թղթի վրա գրում էին թեժ հեռախոսահամարը, որպեսզի ընտրախախտում նկատելիս ահազանգեն»,-ավելացնում է ծրագրի դեկավարը:

Քաղաքացիներին բաժանվում են նաեւ նույն գրություններով թռուցիկներ, որպեսզի դրանք իրենց հետ տանեն տուն կամ աշխատավայր եւ մեկ անգամ եւս աչքի անցկացնելու հնարավորություն ունենան:

Ծրագիրն իրականացնում է «E&J Business»-ը` Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման  եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: