Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում, փետրվարի 6-ին, տեղի է ունեցել քննարկում` նվիրված վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:

Բացման խոսքով հանդես է եկել Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է,  որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության  դրսեւորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում, կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյածության ալիքն էլ ավելի է ուժեղացել:

Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ, ընդգծել է, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ եւ նպատակ, այն է` ահաբեկել հայերին ու խորացնել վախի եւ սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի է մեկնաբանել որպես անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն: 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետեւաբար, նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնելու հայերին, եզրակացրել է բանախոսը:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանն անդրադարձել է Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների  վերաբերյալ թուրքական եւ օտարերկրյա մամուլում եղած արձագանքներին: Նա մասնավորապես նշել է, որ առանձնապես կարեւոր էին հեղինակավոր Catholic News-ի եւ Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսեւորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը:

Լեւոն Հովսեփյանը նկատել է, որ պետք է դիտարկել նաեւ թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:

Տաթեւիկ Մանուկյանն անդրադարձել է քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի  եւ Ժողովրդավար հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների եւ խորհրդարանական խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթիայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական եւ ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա:

Ծավալված քննարկման ընթացքում կարեւորվել է, մասնավորապես, այն եզրակացությունը, որ հայատյացության եւ հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող  սպանությունները եւ այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները եւ իրականացնողները դեռեւս մնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում  իրական ու շոշափելի քայլեր ձեռնարկել  կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:  Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անընդունելի է: