Դեդ Հասանի դեմ հարձակման պատահական զոհ, 30-ամյա մատուցողուհի Մարյատ Բիկչուրինան կրակոցներից երեք շաբաթ անց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Մարյատը դեռ դժվարությամբ է խոսում, սակայն Life News-ի թղթակիցներին երիտասարդ կինը պատմել է, թե ինչպես է պատահաբար հայտնվել դիպուկահարի կրակի գծում: 

«Ամեն ինչ պատահական ստացվեց, ես տեսա՝ ինչպես մոտեցավ մեքենան եւ գնացի բացելու դռները: Ես չգիտեի՝ ով է», - ասել է նա:

Աղջիկը խոստովանել է, որ ճանաչել է իրենց մոտ հաճախ այցելող Ուսոյանին, սակայն այդ օրը չի իմացել, որ քրեական հեղինակությունը ռեստորան է գալու: Հարցին, թե ինչպիսի մարդ էր Ուսոյանը, որի պատճառով ինքը  հազիվ է ողջ մնացել, Բիկչուրինան պատասխանել է մեկ  բառով՝ «Լավ»:

Այժմ Մարյատ Բիկչուրինայի վիճակը միջին ծանրության է գնահատվում, նրան երկարատեւ ապաքինման  ժամանակահատված է սպասվում : Աղջկա հարազատները նրա համար պրոֆեսիոնալ խնամող են վարձել: