Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն, այսօր` փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության շուրջ 30 անդամների հետ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագիրը, որը Եվրոպական միության օժանդակությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի մի մասն է:
Ողջունելով ՀԿ անդամ՝ ավագ դպրոցների աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները շարունակական եւ օգտակար կլինեն: Հանդիպման մասնակիցերի խնդրանքով՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նախընտրական գործընթացներին, խորհրադարանի աշխատանքների առանձնահատկություններին, ներկայացրել այլ երկրների հետ համեմատական վերլուծություն:
Ի պատասխան հարցադրման, թե հատկապես ինչով են տարբերվում նախագահական այս ընտրությունները նախորդներից, Արտակ Դավթյանը նկատել է, որ սպասվող ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու. նախըտրական շրջանն աչքի է ընկնում իր առողջ ընթացքով, հանդարտ մրցակցությամբ:
Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել նաեւ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներից: ԵՊՀ պատմության ֆակուլտետում սովորող ուսանողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի Արտակ Դավթյանը բուռն քննարկումների առիթ դարձած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի վերաբերյալ: Բարձր գնահատելով ֆիլմի՝ որպես քարոզչական հզոր գործիքի դերը, Արտակ Դավթյանը նշել է, որ թեեւ մատնանշվող թերություններին՝ ընդհանուր գնահատականը դրական է, չարժի շատ խիստ դատել:
Կրթության ոլորտի եւ աշխատաշուկայի միջեւ առաջարկ-պահանջարկ կապերին, անհամապատասխանություններին, որակի խնդիրներին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ երիտասարդների շատ մտահոգություններ արդարացված են, սակայն պետք է նաեւ նկատել, որ մեծ աշխատանք է կատարվել վերջին տարիների ընթացքում. Հայաստանում կրթության որակը տարբեր ցուցանիշներով ոչ միայն շատ բարձր է գնահատվում տարածաշրջանում, այլեւ մրցունակ է համարվում ամբողջ աշխարհում:
Ծավալված հարցուպատասխանի ընթացքում «Ապագան քոնն է» ՀԿ անդամները հետաքրքրվել են նաեւ գիտական աստիճաններ եւ կոչումներ ստանալու կարգով ու չափանիշներով, ավագ դպրոցում կրթական ծրագրերի, մարզերում երիտասարդների կրթության, ժամանցի համար ստեղծված պայմանների եւ այլ խնդիրներով:




























