Ռուսական լրատվամիջոցները Պետերբուրգում ԱԴԾ-ի, Ծայրահեղականության հակազդման կենտրոնի եւ քննչական կոմիտեի անցկացրած հատուկ գործողության մանրամասներ են հաղորդում։

«Ռոսբալտը» հայտնում է, որ խոսքը քաղաքի տարածքում արմատական կոնական խմբավորման սպտեղծման մասին է, որը կոչ էր անում ահաբեկչական գործողություններ կատարել եւ ատելություն ու թշնամանք էր սերմանում։

Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների մեջ Տաջիկստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի, Եգիպտոսի, Աֆղանստանի եւ այլ պետությունների քաղաքացիներ կան։

Եղած տվյալների համաձայն՝ օպերատիվ աշխատակիցները ծայրահեղական գրականություն են հայտնաբերել եւ 300 հոգու են ձերբակալել։ Միաժամանակ, ոչ պաշտոնական տվյալով, խոսքը 700 հոգու մասին է, հայտնում է «Էխո Մոսկվին»։ Ձերբակալվածներին հարցաքննել են քննչական կոմիտեում՝պարզելու համար ընդհատակյա ծայրահեղական կազմակերպությունների, այդ թվում՝ «Պետերբուրգյան ջամահաթ» շարժման հետ կապը, որի անդամներին մեղադրում էին Վալենտինա Մատվիենկոյի դեմ մահափորձի կազմակերպման համար։

Գործողության ընթացքում ձերբակալվել է 1988թ. ծնված Մուրադ Սարբաշեւը, որը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության բնակիչ է եւ Պետերբուրգում գրանցում չի ունեցել։ Նրան մեղադրում են համացանցում ծայրահեղական գրականության եւ ահաբեկչական գործողություններ բովանդակող տեսահոլովակներ տեղադրելու մեջ։

Տասը ձերբակալվածների մոտ կեղծված փաստաթղթեր են հայտնաբերվել, 20 հոգի առանց որեւէ փաստաթղթի են եղել։ Վեց հոգին ՌԴ-ից արտաքսման ենթակա են՝ իշխանությունների նախկինում կայացրած որոշման համապատասխան։