Բաց նամակով Սերժ Սարգսյանին են դիմել Երեւանի Ամիրյան փողոցի 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները, որոնց համար նախատեսված շենքի շինաշխատանքները տարիներ շարունակ ավարտին չի հասցվում: Այս շենքի խաբված բնակիչները նախորդ տարիներին անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության շենքի առաջ, բայց մինչ օրս պետությունը չի կատարել նրանց հանդեպ ստանձնած պարտավորությունը:
Նամակում նշվում է.
«Մենք, լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով եւ կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնց, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները:
Քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը, սակայան 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել»: Բնակիչների տեղեկացմամբ` 2009 թ. ՀՀ կառավարությունը 3 մլն դոլար է տրամադրել Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ Թե ինչ եղավ այդ գումարը, բնակիչների համար հանելուկ է մնացել, փաստն այն է, որ շինարարությունն առայսօր չի ավարտվել։ Դատելով շինարարության ներկա տեմպից, ըստ բնակիչների, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի այն։
Շենքի բնակիչները նամակում գրում են, որ կառավարության կողմից շենքի շինարարությանն ավարտման համար տրամադրված 3 մլն դոլարի անհետացման եւ շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։
Բնակիչները տեղեկացնում են, որ 2011–2012 թթ. Ֆինանսների նախարարության հետ բանակցությունների են գնացել ու կնքել հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էին հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների եւ շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը պարտավորվել են վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը` ըստ պայմանագրերի:
«Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է մեկ ու կես տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի, եւ մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից չեն կատարվում հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների
տեղադրում, պատերի շարում եւ այլն: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը եւ կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, եւ շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար:
Մեզանից պետական կարիքների համար իրացված տների տեղում կառուցվող շենքում որոշ մարդիկ ծավալել են բիզնես գործունեություն (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց եւ այլն) եւ աշխատում են մեծ գումարներ, իսկ մեզ ֆինանսների նախարարությունում ասում են, որ շենքը ավարտական տեսքի բերելու եւ պետության կողմից մեր առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման համար գումար չկա: Ինչ է, այդ մարդիկ անվճար են վերցրել այդ տարածքները:
Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ խաբել է եւ նույնիսկ շինարարության վերջնաժամկետը վեց տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները: Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ պետական պաշտոնյաները որոշ մարդկանց հետ միասին միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ծրագրերը:
Մեծարգո Պարոն Նախագահ, Դուք ասացիք, որ միայնակ չեք կարող պայքարել ապօրինությունների դեմ եւ որ Ձեզ պետք է մեր աջակցությունը: Մենք արդեն 6 տարի է, ինչ պայքարում ենք մեր բնակարաններում ապրելու մեր Սահմանադրական իրավունքի համար: Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, գլխավորել Սահմանադրական իրավունքի խախտման դեմ մեր պայքարը եւ գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցվի այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը»,- գրում են բնակիչները:





























