Փետրվարի 9-ին, Թբիլիսիի «Art Hall»  համերգային դահլիճում, Հայ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ կայացել է բարեգործական համերգ` նվիրված Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների շարքը, բարեգործական համերգի կազմակերպիչները նախաձեռնել էին նաեւ Վրաստանի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառման ողջ հասույթը փոխանցվելու է Սիրիայի հայ համայնքին:

Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել ճանաչված մենակատարներ եւ տարբեր մրցույթների մասնակիցներ ու դափնեկիրներ: Պատվավոր հյուրի կարգավիճակով ելույթ է ունեցել Երեւանից ժամանած «ԱՎԱ» տրիոն` Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ:

Համերգի բացմանը Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Տիգրան Թումանյանն ընթերցել է Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Հովաննես Մանուկյանի` միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է. «Այս միջոցառումը կրում է մեծ  հայրենասիրական լիցք: Մասնակցելով այսօր Վարդանանց ազգային եւ հոգեւոր տոնին նվիրված միջոցառմանը, Դուք ո´չ միայն հաղորդակից եք դառնում ազգապահպան գաղափարներին, այլեւ կարեւոր ներդրում կատարում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների աջակցության գործում: Շնորհակալ եմ դրա համար:

Ցանկանում եմ նաեւ քաջալերանքի խոսքով դիմել սիրիահայերին եւ հույս հայտնել, որ նրանք կհաղթահարեն վերջին ժամանակաշրջանում  իրենց վիճակված դժվարությունները, հոգեպես անկոտրում կմնան` անցնելով Սիրիայում ծավալվող ողբերգությունների բովով եւ մոտ ապագայում կվերադառնան խաղաղ եւ արարիչ կյանքին` գրանցելով նոր նվաճումներ ու հաղթանակներ»:

Միջոցառման վերջում օրհնության եւ գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարեւորել է Վարդանանց տոնի խորհուրդը, ինչպես նաեւ երախտիքի խոսք ուղղել այս կարեւոր նախաձեռնության բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին:

Սիրիահայերի օգնությանն ուղղված բարեգործական ակցիաները Վրաստանի հայ համայնքում շարունակվում են: