Հայաստանում 2012 թվականին պետական շահերի խախտման 586 դեպք է արձանագրվել: Հայաստանի գլխավոր դատախազության տվյալներով` հարուցվել է 91 քրեական գործ եւ 329 հայց` 4 մլրդ 483 մլն դրամի բռնագանձման պահանջով:
Դրանցից քննվել եւ բավարարվել է 165 հայց` 2 մլրդ 092 մլն դրամի չափով: 45 հայց մերժվել է, դադարեցվել է հարուցված 26 քրեական գործերի վարույթը: Մնացած քրեական գործերի քննությունը դեռ չի ավարտվել: Ինքնակամ բյուջե է վերադարձվել 483 մլն դրամ:
Այսօր` փետրվարի 12-ին, Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նշել է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը դատախազական վերահսկողություն է իրականացրել բարց եւ հասարակական հնչեղություն ունեցող գործերով: Դրանց թվում նա նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակման եւ պաշտոնական դիրքի չարաշահման գործին: Այդ գործով որպես մեղադրյալ անցնում է 53 մարդ:
Ծառայության նախկին ղեկավար, հանրապետական Վազգեն Խաչիկյանի եւ եւս 12 մարդու նկատմամբ հարուցված քրեական գործը փետրվարի 7-ին հանձնվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:





























