28-ամյա Արմեն Ավետիսյանն «Այսբերգ» կարաոկե ակումբի պարասրահում, պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դ. Փ-ին, ինչը նկատել է վերջինիս ամուսինը եւ դիտողություն արել: Սակայն 28 ամյա երիտասարդը ոչ միայն չի ընդունել դիտողությունն, այլեւ վրդովվել է եւ ծեծել նրան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 28-ամյա Արմեն Ավետիսյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» կարաոկե ակումբի պարասրահում, պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դ. Փ-ին: Դա նկատել է վերջինիս ամուսին Վլադիմիր Բ.-ն եւ դիտողություն արել, սակայն Ա. Ավետիսյանը, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ակումբի հաճախորդների նկատմամբ` նրանց ներկայությամբ վեճի է բռնվել Վլադիմիր Բ.-ի հետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները` արդեն ակումբի ծառայողական միջանցքում անհասցե հայհոյանքներ է տվել եւ բռնություն գործադրելով` քաշքշել Վլադիմիր Բ.-ին:
Ընթացքում կոտրվել է նաեւ ակումբի գույք հանդիսացող նարգիլեն, իսկ այնուհետեւ բռնություն գործադրելով` նա հարվածներ է հասցրել այնտեղ մտած իր ծանոթ Աշոտ Կարապետյանին: Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջին դատարան քննությունը նշանակվել է փետրվարի 19-ին:





























