NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի դիտակետից փետրվարի 11-ին, ձորը գլորված 14-ամյա աղջկա մասին: Մեզ հայտնի է դարձել, որ նա սովորում է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 9-րդ դասարանում, ընտանիքում կրտսեր երեխան է, ունի իրենից մեծ քույր, ով ավարտել է  դպրոցը: Գորիսեցիների բնութագրմամբ` աղջիկն ունի «նորմալ» ծնողներ, ովքեր աշխատում են, ապրում են սովորականի պես: Համաքաղաքացիները նաեւ պատմում են, որ այդպիսի բարձրությունից ընկնելով` երեխան հրաշքով է փրկվել:

Դպրոցի տնօրեն Թելման Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նա միջակ առաջադիմությամբ աշակերտ է`  նորմալ վարքով: Նրա խոսքով` միջադեպից առաջ աղջիկը վիճաբանություն է ունեցել իր նախկին համադասարանցիների հետ, որից հետո գնացել է Գորիսի դիտակետ` ինքնասպանություն գործելու: «Զրուցել է իր նախկին դասարանցիների հետ, վիճել են, խնդիր է առաջացել, երեխան իրեն էքստրեմալ վիճակում է պահել»,- ասաց նա: Այդ զրույցից հետո վիճաբանության կողմերից մեկը` դասընկերուհին, ծնողի հետ  գնացել է դիտակետից նետված աղջկա մոտ` զրուցելու, ինչից հետո աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Իսկ թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, ոչ ոք հստակ չի կարող ասել:

Բայց Գորիսում շրջանառվող տեղեկությունների համաձայն` աղջիկների վիճաբանության պատճառը սիրային հարաբերություններն են: «9-րդ դասարանի աղջիկ է, պարզ չի, որ սիրահարված կլինի, ուրիշ ի՞նչ խնդիր կարող է  առաջանալ: Հիմնականում ինձ թվում է այդ պատճառը պետք է լինի: Աղջիկները ինչի՞ են կռվում իրար հետ` տղայի համար, էլի: Իրար հետ կռվել են, բամբասել են, երեւի մեկը մյուսի մասին բան է ասել»,- ասաց նա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատաստվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել (Գորիսի դիտակետ): Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լ. Գ.-ին, ում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը նորմալ է, մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: