57-ամյա Սիմա Այվազյանը, Էջմիածին քաղաքում գործող հյուրանոցային համալիրում աշխատելով որպես սպասարկող, նպաստել է պոռնկության տարածմանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 57-ամյա Սիմա Այվազյանն աշխատելով Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում որպես սպասարկող` նշված հյուրանոցային համալիրում, 2007թ.-ից մինչեւ 2012թ. հունվար, տարբեր օրերին իրենց ծանոթ մարմնավաճառներ Շողիկ Ս-ին եւ Սյուզան Բ-ին պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տարբեր հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիր եւ որպես կացարան 2 ժամը 5 հազար դրամ գումարի դիմաց տրամադրել է առանձնասենյակներ, միաժամանակ անհրաժեշտության դեպքում ապահովել պահպանակներով:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված եւ դատական քննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, դատարանն ապացուցված է համարել արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալ Սիմա Այվազյանը: Քննելով գործը դատարանը վճռել է Սիմա Այվազյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով։
Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն փետրվարի 11-ին նախորդ վճիռը թողնվել է անփոփոխ:




























