31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահվանից մեկ ամիս անց նրա դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, այնինչ պետք է արդեն քրեական գործ հարուցված լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Զատիկյանի քեռին` Մելս Հարությունյանը եւ ավելացրեց, որ կարող է մինչեւ 40 օր էլ տեւի մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն:
ՙԵթե ասում են, որ թմրանյութ է օգտագործել, բա պետք է չհետաքրքրվե՞ն, թե որտեղից այդքան մեծ քանակությամբ թմրանյութ: Ասում են նաեւ, թե հնարավոր է ինքնասպանություն գործած լինի: Այդ դեպքում եւս պետք է քրեական գործ հարուցեին եւ, եթե հիմքեր չլիներ, գործը կասեցնեին»,- դժգոհեց Մելս Հարությունյանը:
Հարցին, թե երբ Զատիկյանների ընտանիքում ժամանակից շուտ երեք տղամարդիկ էլ մահացան, ընտանիքն անվտանգության հետ կապված մտահոգություններ չունի՞, նա արձագանքեց. «Այսքան դժբախտություններից հետո էլ ի՞նչ անվտանգություն: Նման ամուսին եւ որդիներ կորցնելուց հետո Վահանի կնոջ` խեղճ Սոխակի, ապրելը էլ ինչի՞ է պետք»:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մելս Հարությունյանը ասել էր, որ փաստաթուղթ ունեն, որով հերքվում է շրջանառվող այն վարկածը, թե Անդրանիկի մահը վրա է հասել գերդոզավորումից: Անդրանիկի քեռին հիմնավորել էր, որ մահվանից մեկ ամիս առաջ Անդրանիկը մորը տարել է Գերմանիա բուժման եւ ինքը եւս մանրամասն հետազոտության է ենթարկվել: «Իսկ հետազոտության արդյունքները ինձ մոտ են, որոնք կարող են վկայել, որ նա թմրանյութ չի օգտագործել»,- ավելացրել էր Մելս Հարությունյանը: Թեեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել, բայց Մելս Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ Անդրանիկին թունավորել են:
Մելս Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացառել էր նաեւ ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն չէր կարող լինել, քանի որ նա առողջ դատողություն ունեցող մարդ էր: Հետո ինքը գիտակցում էր, որ եղբոր ընտանիքը, երեխաները բոլորը իր հույսին են: Ամեն ինչ հնարավոր է, բայց իր մահով մահանալ եւ ինքնասպանության վարկածը հնարավոր չի»,- ասել էր Մելս Հարությունյանը: Իսկ հարցին, թե ի՞նչը կարող էր նրան մահվան հասցնել, Մելս Հարությունյանը ասել էր. «Նա իր շրջապատում թշնամիներ ուներ: Իր եղբորն սպանողների ցեղը: Նրանք իրար հետ չէին խոսում, բայց իրար մեջ միշտ վտանգ էին տեսնում: Ինչպես նրա հոր հանկարծամահությանը չեմ հավատում, այնպես էլ` Անդրանիկի: Անդրանիկ Զատիկյանը եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ընտանիքի վերջին զավակն էր: Այդ ընտանիքից մնացին մայրը` քույրս, երկու եղբայրների կանայք եւ երեխաները»:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:




























