«Իրատես de facto» թերթը տարբեր թեմաների շուրջ զրուցել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Առաջին անգամ ոտք դնելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում այնպիսի հիասթափություն եք ունեցել, որ պատրաստվել եք հետ վերադառնալու։
-Ոչ թե հիասթափություն, այլ շոկի մեջ էի։ Հայրենիքի մասին իմ ունեցած դասագրքային պատկերացումները եւ իրականությունն իրար հետ կապ չունեին, ահռելի տարբերություն կար։ Հիշում եմ` 2001-ի օգոստոսն էր։ Երեւանում մի օր մնալուց հետո, հաջորդ առավոտյան մեկնեցի Արցախ, որտեղ, համաձայն ծրագրի, աշխատելու էի ընդամենը 6 ամիս։ Բայց այդ 180 օրը դարձավ 3,5-4 տարի։ Այնուհետեւ, 2004-ի վերջերին, եկա Երեւան եւ արդեն 12 տարի է` զբաղված եմ իմ սիրած աշխատանքով. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը։ Ամենածանր եւ դժվարին ժամանակները 2004-ի հոկտեմբերից մինչեւ 2005-ի մայիսի սկիզբն էր, երբ գործի բերումով շաբաթը 2-3 անգամ գնում-գալիս էի Երեւան-Ստեփանակերտ երթուղով։ Իսկ այդ ընթացքում հիասթափությունս սկսել էր նահանջ ապրել։ Ավելին, պոռթկում էի, երբ իմ շրջապատի մարդիկ, մտերիմ ընկերները, տեսադաշտում պահելով միայն վատը, պատեհ-անպատեհ առիթներով քննադատում էին աջ ու ձախ, առանց դեմք ու դիրքի նայելու։ Բայց ինչո՞ւ այդպես վարվել. եթե տեսնում ես սխալ բան եւ ունես հնարավորություն կամ իրավունք, աշխատիր ինքդ ուղղել։ Չես կարող, գոնե սովորեցրու, օգնիր բարի խորհրդով։ Դատարկ քննադատությամբ հարց չես լուծի, կխորացնես միայն փոսը։
-Ի՞նչը Ձեզ պահեց. բարձր աշխատավա՞րձը, հող-հայրենի՞ն, թե՞ մարդկային հարաբերությունները։
-Շատ պարզ ասեմ։ Մարդն ի՞նչ կցանկանա. որ ունենա լավ միջավայր, որտեղ ինքը ասի-խոսի իր մայրենի լեզվով, մտածի հայերեն։ Իմ ծննդավայրում ես նման հնարավորություն չեմ ունեցել։ Շրջապատը մի տեսակ խորթ էր։ Տարիներ շարունակ լսել եմ արաբերեն, երբեմն` ֆրանսերեն կամ անգլերեն։ Հայերենի նկատմամբ կարոտ ունեցել եմ երեխա ժամանակ, երիտասարդ տարիներիս։ Հենց այդ ժամանակներից էլ համոզմունք է ձեւավորվել մեջս, որ երեխաներս պետք է մեծանան հարազատ միջավայրում, ինձ նման օտարված չզգան, քաղաքն իրենց տան նման լինի։ Լինի կանչող, ապահով եւ զմայլող։
-Փաստորեն, Ձեր խիղճը հիմա հանգիստ է։
-Միանշանակ։ Երեխաներս հաճախում են «Անանիա Շիրակացի» վարժարան. աղջիկս 8-րդ դասարանում է, տղաս` 3-րդ։ Ամուսիններով տանը խոսում ենք արեւմտահայերեն, երեխաներս, բնականաբար, արեւելահայերեն։ Իրարից սովորելու եւ միմյանց սովորեցնելու խնդիր ենք լուծում։ Մեկ-մեկ մեղմորեն բարկանում եւ ուղղում եմ, երբ փողոցից, բակից ոչ հայերեն բառեր են տուն բերում։ Խիղճս հանգիստ է, որովհետեւ վստահ եմ, որ երեխաներս ինձնից առաջ են անցնելու, կլինեն ավելի հայ եւ զորեղ` հայեցի ապրումներով։ Կուզեմ չմոռանան, որ ես իրենց տարիքում երկարատեւ պատերազմ եմ տեսել, վախի զգացումից, նկուղ իջնելուց եւ թաքնվելուց բացի, ամեն անգամ հարցականով նայել եմ ծնողներիս ձեռքերին. վաղը մեզ ինչպե՞ս են կերակրելու։ Փառք Աստծո, այսօր չկա նման խնդիր, բայց խաղաղության պահպանումը բոլորիս գործն է, առաջին հերթին մեր ներսում, ինքներս մեզ հետ, հետո մեզնից դուրս։
-Եթե օրերից մի օր Ձեր տղան հայտնվի օլիգարխիկ պատգամավոր դառնալու ընտրության առաջ կամ ցանկություն ունենա քաղաքականությամբ զբաղվելու, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը։
-Նախ` նմանատիպ որոշումներ կայացնել նշանակում է լինել հասունացած, կայացած մարդ։ Նման դեպքում, կարծում եմ, հարաբերվելու պրոբլեմ չի ծագի։ Ես ընդամենը կփորձեմ խրատել, ասելիքս հիմնավորել իմ անցած ճանապարհի օրինակով, հայրիկիս պատգամով, որ նա ինձ լսելի է դարձրել, երբ ես դեռ պատանի էի։
-Որ քաղաքականությունից հեռո՞ւ մնա։
-Այո։ Ասել է ինձ ու երկու եղբայրներիս։ Բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը. «Գործ չունեք, դա մեր մոլորակը չէ»։ Ու մենք, եղբայրներով, չենք խախտել մեր խոստումը։ Պահը որ գա, ես պարտավոր եմ հիշեցնել զավակներիս` պահպանել մեր ընտանեկան ավանդույթը։ Կստացվի՞, թե՞ չի ստացվի, ժամանակը ցույց կտա։
-Կասե՞ք, թե ինչն է Ձեզ այդքան վանում։ Սովորաբար ասում են. «Եթե Դուք չզբաղվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզնով կզբաղվի»։ Հակաճառելու տեղ չեմ թողնի, եթե հիշեցնեմ, որ ժամանակին Ձեր անունը կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարծում եմ, չեք մոռացել նաեւ այն հրապարակումները, որտեղ դիտարկվում էր մերթ վարչապետ, մերթ էլ ՀՀ նախագահ Ռալֆ Յիրիկյանի խնդիրը։ Եթե առաջիկայում նման պահանջ զգացվի հանրության շրջանում, Դուք էլի՞ չեք շեղվի Ձեր խոստումից։
-Եթե ժողովրդի մտքի մեջ նման ցանկություն առաջանա, ես կխնդրեմ, որ դա տեղափոխվի նրա սրտի մեջ։ Ախր, էլի եմ ասում. ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ։ Ես կամ իմ պաշտոնում, իմ դիրքում, եւ ինչ անում եմ իմ փոքր ընտանիքի եւ իմ մեծ ընտանիքի` աշխատակազմի համար, իմ երկրում, անում եմ սիրով, բավարարված եմ, գոհ եմ եւ ուրախ կլինեմ, եթե կարողանամ ավելին անել իմ ժողովրդի համար։ Հետեւապես, ի՞նչ կարիք կա, կամ բացատրեք, ո՞րն է քաղաքական դաշտ տեղափոխվելու անհրաժեշտությունը»,- մեջբերում է «Իրատես de facto-ն:




























