Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառել են Ֆիդել Կաստրոյի եւ Էրնեստո Չե Գեւարայի լուսանկարների բացառիկ հավաքածուն, որն արել է կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան։

Ինչպես հաղորդում է Dominic Winter Auctioneers աճուրդի տունը, ամենաթանկ լուսանկարի գինը կազմել է 3,6 հազար ֆունտ սթերլինգ։ Դրանում պատկերված են Կաստրոն ու Չե Գեւարան նավակի վրա՝ ձկնորսության ժամանակ՝ Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո։ Չորս լուսանկարներից բաղկացած շարքը, որտեղ կուբացի հեղափոխականները գոլֆ են խաղում, վաճառվել է 3,4 հազար ֆունտ սթերլինգով։

Հավաքածուի մեջ, որը վաճառքի է հանել Կաստրոյի անձնական լուսանկարիչ Կորդայի  դուստրը, ընդհանուր առմամբ կան 55 սեւ սպիտակ լուսանկարներ,  որոնք արված են 1950-ից մինչեւ 1960 թվականները։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Ալբերտո Կորդան Չե Գեւարայի ամենահայտնի ու տարածված լուսանկարներից մեկի՝ «Հերոսական պարտիզան»-ի (Guerrillero heroico) հեղինակն է,  որի անօրինական օգտագորման  համար 2000 թվականին նա ստացել է  50 հազար դոլար փոխհատուցում Smirnoff ընկերությունից եւ այդ գումարը  փոխանցել է  Կուբայի առողջապահական  համակարգին։ Լուսանկարիչը մահացել է 2001 թվականին՝ Փարիզում իր ցուցահանդեսի ժամանակ։