Երկօրյա այցով Իսրայելում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երկուշաբթի երեկոյան մասնակցել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության 20-ամյակի առիթով պատրիարքարանում կազմակերպված միջոցառմանը: Վեհափառը Թորգոմ արքեպիսկոպոսին է հանձնել Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է 91-ամյա Պատրիարքին:

«Այսօր մեզ համար մեծ ուրախություն է` զարդարելու սիրեցյալ մեր սրբազան Պատրիարքի կուրծքը Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւով»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Միջոցառմանը ներկա են եղել հոգեւորականներ ու դիվանագետներ, Իսրայելի մեծ եւ փոքր հայաշատ կենտրոններից ժամանած պատվիրակներ, Երուսաղեմի Հունաց ու Լատին պատրիարքները, Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանը, այլք: