«Թե՛ այդ նորացված փաստաթուղթը, թե՛ մնացած փաստաթղթերը, որոնք մշակվել են առանց ԼՂՀ-ի, բնական է, չեն կարող վերջնականապես տեղ գտնել բուն գործընթացում, որովհետեւ թե՛ մադրիդյան, թե նորացված փաստաթուղթը անհրաժեշտություն են պարունակում բոլոր փուլերում քննարկվել նաեւ ԼՂՀ-ի հետ»,- փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մինյչ այդ նա 30 րոպեանոց հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի հետ:
Այնուհետեւ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը օրերս հայտարարել է, թե իրենք համաձայն են, որ բանակցությունների հիմքում դրվեն մադրիդյան նորացված սկզբունքները, Բակո Սահակյանն ասաց. «Ես ներկայացրել եմ մեր տեսակետը, որ այսօր բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը բանակցությունների խանգարված ձեւաչափն է, եւ մենք առաջարկում ենք բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից վերականգնել բանակցությունների լիարաժեք ձեւաչափը: ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ անպայման հաշվի կառնի Արցախի տեսակետը եւ համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի ԼՂՀ տեսակետը ամբողջությամբ հարգվի եւ վերականգնվի լիարաժեք բանակցային գործընթացը»:
ԼՂՀ նախագահն առաջարկել է նաեւ, որպեսզի գործող նախագահը տարածաշրջան այցելելուց այցելի նաեւ ԼՂՀ, որովհետեւ ստացվում է, որ բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ն, ներկայանում են տարածաշրջան՝ առանց հիմնական կողմ երկրի համապատասխան կառույցների հետ հանդիպում ունենալու, ինչը չի կարող արդյունավետ լինել:




























