Ուկրաինայի խորհրդարանի գործող կոալիցիան պետք է 10 օրում փաստաթղթեր ներկայացնի՝ իր լեգիտիմությունն ապացուցելու համար: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, Լիտվինը պահանջել է իրենց կոալիցիայի անդամ համարող նվազագույնը 226 պատգամավորների ստորագրությունը: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է Ռադայի նոր կանոնակարգն ուժի մեջ մտնելու համար:

Միեւնույն ժամանակ «Յուլիա Տիմոշենկոյի խմբակցության» ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում որեւէ ստորագրություն հավաքել, քանի որ կոալիցիայի ստեղծման ժամանակ դա չէր պահանջվում:

Ուկրաինայի խորհրդարանում հինգ խմբակցություն է գործում՝ Տարածաշրջանների կոսւակցությունը՝ 172 պատգամավոր, «Յուլիա Տիմոշենկոյի խմբակցությունը»՝ 153, «Նաշա Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքը՝ 71, Կոմկուսը՝ 27, Լիտվինի դաշինքը՝ 20 եւ յոթ անկախ պատգամավորներ: Կոալիցիայի կազմում են ՆՈՒԺԻ-ն, ՅՏԽ-ն եւ Լիտվինի դաշինքը: