Թունիսում իսլամական առաջնորդը ֆեթվա է թողել FEMEN կազմակերպության երիատասարդ ակտիվիստուհու դեմ: Աղջիկը դատապարտվել է մահվան կիսամերկ նկարի համար: Մահմեդական առաջնորդը հայտարարել է, թե այդ արարքի համար Ամինային պետք է մտրակել, ապա քարկոծելով սպանել:
19-ամյա Ամինա Թայլերը Facebook սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում մարմնի վրա գրառում էր արված. «Իմ մարմինը պատկանում է միայն ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում»:
Ամինան պատկանում է FEMEN սկանդալային շարժման թունիսյան բաժանմունքին, նա նաեւ FEMEN Tunisie էջի հիմնադիրն է: Էջում հայտնվել են թունիսցի այլ աղջիկների թոփլես նկարներ:
Մարտի 21-ին ոմն սալաֆիթ-հաքեր կոտրել էր էջը եւ գրել. «Աստծո շնորհիվ մենք կոտրել ենք այս անբարոյական էջը: Եթե Աստծուն հարմար լինի, այս զզվանքները եւս կանհետանան Թունիսից»: Լուսանկարների փոխարեն հաքերը Ղուրանից տեսագրություններ էր դրել: Այժմ էջը վերականգնվել է:
«Սպառնալիքներից հետո FEMEN-ի ակտիվիստուհիները փորձել են կապվել Ամինայի հետ, սակայն նրա հեռախոսը անջատված է: Մենք անհանգստանում ենք նրա կյանքի եւ անվտանգության համար»,- ասվում է FEMEN-ի հաղորդագրության մեջ:



























