Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը (ՅՏԴ)փետրվարի 18-ին Ուկրաինայի խորհրդարանում Գերագույն ռադայից պահանջելու է որոշում կայացնել նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության օրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում են «Ուկրաինական լուրերը», նախօրեին հայտարարել է Յուլիա Տիմոշենկոյի նախընտրական շտաբի ղեկավար, առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը:

Նրա խոսքով, քանի դեռ բարձրագույն վարչական դատարանը որոշում չի կայացրել Տիմոշենկոյի հայցի կապակցությամբ, ոչ մի երդմնակալություն էլ չի լինելու:

Միեւնույն ժամանակ Տարածաշրջանների կոսւակցությունում հայտնել են, որ դատարանի որոշումը չի կարող ազդել նախագահի երդմնակալության արարողության վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ էր հայտարարել: Համաձայն ԿԸՀ տվյալների՝ Յանուկովիչի օգտին քվեարկել են ընտրողների 48,95 տոկոսը, Տիմոշենկոյի օգտին՝ 45,47 տոկոսը: