Պաշտոնական վիճակագրության տվյալներով` ընթացիկ տարվա փետրվարին մայրաքաղաքում բնակարանի 1քմ միջին շուկայական գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,9 հազ. դրամով կամ գրեթե  7,2%-ով:

Նման զգալի աճը մտորոմների առիթ է տալիս: Քանի որ բոլորին է հայտնի, որ նախկինում անշարժ գույքի շուկայական գներն օճառի պղպջակ էին , որոնք տնտեսական ճգնաժամից հետո պայթեցին:

Այսպես, պաշտոնական տվյալներով,  ընթացիկ տարվա փետրվարին մայրաքաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում բնակարանների 1քմ-ի միջին շուկայական գինը համարժեք է 1042 դոլարին: Համացանցով նշված շրջանի բնակարանների վաճառքի երկու պատահական հայտարարություն ընտրելիս «քառակուսու» գները կազմեցին համապատասխանաբար 1455 եւ 1649 դոլար կամ  միջինից 1,4-1,6 անգամ ավելի:

«Մալաթիա Սեբաստիա» վարչական շրջանում «քառակուսու» միջին շուկայական գինը  փետրվարին, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 579 դոլար, իսկ պատահական ընտրված հայտարարության պարագայում` 850 դոլար, այսինքն, 1,5 անգամ ավելի:

Անշարժ գույք վաճառող կամ գնող շատ քաղաքացիներ միջնորդներին մեղադրում են գների արհեստական բարձրացման մեջ: Նման խնդիր միանգամայն հնարավոր է, եթե բրոքերների ծառայության վարձատրության տոկոսները  որոշվում է վաճառվող գույքի արժեքից: Ուստի մասնագիտացած կայքերում, մամուլում հրապարկվող հայտարարություններն առանձնապես վաստահություն չեն ներշնչում:

Ռիելթորական ընկերությունենրից մեկում ծիծաղեցին` լսելով «գների բարձրացման» մասին:  Ըստ նրանց` շուկայում իրավիճակն այնպիսին է, որ այդ մասին անգամ երազել հնարավոր չէ: Գնորդների թիվը փոքր է` վաճառողների բանակի համեմատ:

Հանգամանորեն տեղեկտվություն տրամադրեցին «Բարս» անշարժ գույքի գործալությունից: Գործակալության տնօերն Մարինա Չատինյանի խոսքով` վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում գնման պահանջարկն ակտիվությամբ աչքի չի ընկնում: Դեռեւս զգացվում է այդ ոլորտում վերջին ճգնաժամը, եւ բնակարանների գներն ընդհանուր առմամբ չեն բարձրանում:

Մարինա Չատինյանը համաձայնեց տողերիս հեղինակի այն դիտարկմանը, որ հունվար-փետրվարին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն ամենաքիչն է տարվա կտրվածքով: Ընթացիկ տարվա փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը գրեթե մնացել է անցած տարվա փետրվարի մակարդակին (աճը կազմել է 0,2%):

Ինչ վերաբերում է  սիրիացի փախստականներին, որոնք իբր զանգվածաբար բնակարաններ են ձեռք բերում Երեւանում, ապա բոլոր մասնագետները նման ենթադրությունները հերքեցին: Այնպես որ «փախստականների գործոնը» բացակայում է անշարժ գույքի շուկայում:

Պաշոնապես ներկայացված աճին մեկ այլ բացատրություն եւս կա: Եթե գները դրամից վերածենք դոլարի, ապա մայրաքաղաքում բնակարանների գների պատկերը որոշ չափով կփոխվի: Այսպես, ընթացիկ տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համամետ, «քառակուսու» միջին շուկայական գինն ավելացել է 15 դոլարով, կամ «ընդամենը» 2,3%-ով: Ինչպես տեսնում ենք, դոլարով թանկացումն այնքան էլ շոշափելի չէ…

Ստորեւ ներկայացված գծապատկերով ցույց է տրվում բնակարանների բարձր գին արձանգրած վարչական շրջաններում «քառակուսու» միջին  շուկայական գինը: Երեւանի մյուս վարչական շրջաններում դիագրամի գիծը նույնն է, բայց ուղղահայց առանցքի ցածր մակարդակով:

Ալբերտ Խաչատրյան