Օմեգա-3 յուղային թթուները, որոնք կարելի է գտնել յուղոտ ձկան եւ ծովամթերքների մեջ, օգտակար են սրտի համար: Դրանք ընդունակ են նվազեցնել սրտի հիվանդությունից մահվան ռիսկը 35 տոկոսով: Ինչպես գրում է The Telegraph-ը, ընդհանուր առմամբ վաղաժամ մահվան ռիսկը նվազում է 27 տոկոսով, իսկ կյանքի տեւողությունն աճում է միջինը 2 տարի եւ 10 ամսով: Նման եզրակացության են հանգել Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները:
Գիտնականները հետազոտել են 65 տարեկան եւ բարձր 2700 մարդու տվյալները: Ապացուցվել է, որ օմեգա-3 յուղաթթուների բարձր մակարդակ ունեցող անձինք 27 տոկոսով ավելի ուշ են մահացել:
Մասնավորապես, դոկոզահեքսաենային թթուն 40 տոկոսով նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության եւ արիթմիայից մահվան ռիսկը, դոկոզապենտաենային թթուն նվազեցրել է ինսուլտից մահվան հավանականությունը, իսկ էյկոզապենտաենային թթուն` մահացու սրտային նոպայի հավանականությունը, հաղորդում է Meddaily-ն:
ԱՄՆ-ում ընդունված նորմերի համաձայն, առողջ մարդիկ պետք է օրական օգտագործեն 500 միլիգրամ ձկան յուղով օմեգա-3: Եթե կան խնդիրներ սրտի հետ, նորման ավելանում է 800-ից 1000 միլիգրամ: Ամենաճիշտ ընտրությունը սկումբրիան է, թյունոսն ու ծովատառեխն են:




























